Համո Սահյանի արմատները խոր են մխրճված հայրենի հողում, սերտաճած են ամեն ծիլ ու ծաղկի, ամեն ծառ ու ճյուղի, ամեն թուփ ու ժայռի: Հայացքը ձյունագանգուր Գյազբելին, Սալվարդին, Աղոթարան սարին է սևեռված, գլխավերևում էլ ծիծառի կտուցին թառած ամպերն են սահում, վարում վշշում է խոլ Որոտանը, իսկ հուշերը նրան հաճախ տանում են զմրուխտյա այն հեռուն, ուր իր մանկության ոտնատեղից անձրևաջուր է խմում եղջերուն:
Երբ բնությունը, բնական երևույթները պոետին պատկերանում են կենդանի, իրական, նյութեղեն, և բացատրելի ու հասկանալի է դառնում նրա` բնական երևույթներին շունչ ու հոգի հաղորդելը. պոետը քամու համբույրն է զգում, քարափների բաշից կախված վայրի ջրվեժներն է սիրում, առվին ձկնիկի խուտուտ տալն է նկատում, հետո հասկանում է, որ ոսկի տերևն էլ երազել գիտի, իսկ մեղուն ուզում է իր նուրբ թևերը թրջել երազում տեսած ծաղկունքի ցողով, ծաղկած հոնին էլ ոսկի է թափում հողին, անմոռուկն ու սիրի-սիրին համբուրվում են թփերի տակ, իսկ խաղողի վազը կարողանում է լացակումել լույսի սիրուց։ Այս անկրկնելի բնապատկերներին հաղորդվողը, դրանց ոսկի հեքիաթը բարձրաձայնողը դրանք տեսած, դրանցով ապրած պիտի լիներ ու պիտի որ գրեր. «Բնության մեջ մեծացող երեխան խառնվում է քարին, հողին, թփին, աստղին: Խոսում է դրանց հետ: Հողն ու երկինքը միանում, ծավալվում են նրա էության մեջ, և ծնվում է անհատականությունը, որի բռնկման համար հարկավոր է կայծ… Մի խոսքով, բնությունը մայր է»։
Համո Սահյանն ամենայն արժանապատվությամբ ու պատասխանատվության բարձր գիտակցումով է կրում բանաստեղծի իր կոչումը. «Բանաստեղծը մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով` նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքով»: Բանաստեղծի խոր համոզմամբ` մարդը բնության մեջ է բնական դառնում: Իսկ երբ բնությունն է մարդու մեջ, այս դեպքում արդեն մարդը մեծ անհատականություն է, որն այլևս ոչ մի բանով չի խաթարվի: Առաջին հերթին մարդու մեջ բնականն է փնտրում: Եվ որքան բնական, այնքան մաքուր ու ազնիվ: Արվեստի ուժն էլ իր պատկերացմամբ բնականությունն է, կյանքի հարատևությունն էլ մշտահոլով բնություն-բնականության մեջ է տեսնում. «Ինձ համար միանգամայն որոշակի դարձավ իմ աշխարհը: Ես հասկացա, որ ինձ այնպիսի մի տեղ է հարկավոր, ուր իրերն իմ մտերիմները դառնան, կիսվեն ինձ հետ, իրենց գաղտնիքներն անշահախնդրորեն վստահեն ինձ։ Իսկ ինչպե՞ս գտա այդ աշխարհը: Չգտա` այն իմ մեջ կար։ Ինձ մնում էր վերադառնալ դեպի այդ աշխարհը, գտնել այնտեղի ամեն ծիլ ու շյուղի հետ խոսելու եղանակը, դրանց բանաձևումները, այսինքն` բանաստեղծությունը»:
Համո Սահյանը բնապաշտական բանաստեղծություններ գրելուց զատ, ավելի շատ խոհափիլիսոփայական գործերի հեղինակ է: Նրա խոսքի ավելի խոր շերտը կա, որն առաջին հայացքից այնքան էլ տեսանելի չէ: Մանրակրկիտ ու խորությամբ ուսումնասիրելով միայն նկատելի են դառնում տիեզերական երևույթները յուրովի մեկնաբանելու, վերծանելու նրա ունակությունները, բնության ու մարդու` ոչ բոլորին հասանելի ներքին կապի զուտ սահյանական գիտակցումը, մարդուն լավ ճանաչելու, մարդու հնարավորությունները սթափ գնահատելու նրա բնատուր շնորհը, մարդկային փոխհարաբերություններում ազնիվ վերաբերմունք, ազնիվ պահվածք դրսևորելու նրա հորդորը: Հրանտ Մաթևոսյանի խոսքով` «ազնվական գեղջուկի» սահյանական կերպարը, իմ պատկերացմամբ, ձևավորվել է բնությանը մոտ գտնվելու, բնությունից սովորելու, բոլոր հարցերի պատասխանները բնական երևույթների վերլուծության ճանապարհով գտնելու սահյանական կերպի ու տաղանդի արդյունքում: Մտածելու, պրպտելու, վերլուծելու, սովորելու ունակությունը տարեցտարի կատարելագործել է նրա ասելիքը, այն դարձրել ավելի խոր, ավելի իմաստուն, ավելի դիպուկ` խոսքը հասցնելով խոհափիլիսոփայական ընդհանրացումների, այնպես որ, վստահաբար կարելի է ասել, որ Համո Սահյանը շատ ավելին է, քան բնապաշտ պոետի` նրա անձի շուրջ ձևավորված կարծրատիպը: Նրա թե՛ հայրենասիրական հզոր գործերը, թե՛ խոհափիլիսոփայական բանաստեղծությունները գալիս են լրացնելու, ամբողջացնելու հողի մշակի իմաստուն ներաշխարհի մեր ընկալումը, բացահայտելու խոհուն ու տոկուն ռանչպարի իմաստնության գաղտնիքները.
Ով մայր բնություն, խելոք ու խոհեմ,
Դու ամենահին և ամենանոր
Ամենապոեմ։
Հայրենի հողի` սահյանական պաշտամունքը վերահաստատվում և աներևակայելի հզոր զգացողության է հասնում «Հող» բանաստեղծությամբ, որը թանձր է նրա պոեզիայում որպես իր պատգամը.
Օրհնիր ինձ` լցվեմ ես քո բարությամբ,
Բարություն լինեմ ամբողջ էությամբ։
Խորապես գիտակցելով կյանքի սրընթաց, ահագնացող զարգացումների անհրաժեշտությունը` այդ խաժամուժում մարդկային դեմքը կորցրածներից բանաստեղծը փախչել է ուզում, իր բնաշխարհի մարդկանց մոտ գնալ ու մարդահոտ առնել է ուզում: Իր այս մտահոգությունն էլ արտահայտում է «Մարդահոտ առնեմ» բանաստեղծությամբ.
Սարսուռի ցողով հոգիս լվանամ
ՈՒ պարզաջրեմ… Եվ պարզաջրված,
Պարզ ու պարզերես մարդկանց մոտ գնամ,
Խառնվեմ մարդկանց, մարդահոտ առնեմ։
Մարդահոտ, որը ցնդել է կարծես
Մեծ քաղաքների լաբիրինթոսում։
Սիրելի պոետի մտորումներն ու խոհերն այժմեական են և ուսանելի, խոհուն մարդու նրա պահվածքը համաքայլ է մարդկային մտքի առաջընթացին, նրա խրատները խորիմաստ են, հորդորներն` ընդունելի:
Բանաստեղծի մեծագույն մտահոգությունը ժողովրդին ասելիք ունենալն է. «Ներշնչանքի պահը տարիք չի հարցնում. գալիս է ու կարծես խուտուտ է տալիս՝ գրիր: Արթնանում ես այդ պահի թելադրանքով, մտորում ես նրա հետ, մարդկանց հետ խոսում ես, հանկարծ այդ պահը թևդ քաշում-տանում է, վախենում է կորչել, վախենում է ինքդ կորցնես իրեն: Դա գեղեցիկ ու զորեղ զգացում է: Այդ պահերը շատ են, ուրեմն ասելիք դեռ շատ ունես, ուրեմն դեռ կարող ես ասել, որ դու ասելիք ունես մարդկանց, քո ժողովրդին»:
Համո Սահյանի կերտած հոգևոր տիրույթում ամփոփվում, ամբողջանում է բնության ու մարդու ներդաշնակ գոյի ողջ փիլիսոփայությունը:
Դեռևս 2004 թվականին՝ Համո Սահյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին, Հովհաննես Պապիկյանի հետ նախաձեռնեցինք «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս…» գիրք-օրացույցի հրատարակությունը: Սա պոետի բանաստեղծությունների, խոհափիլիսոփայական մտքերի, տիեզերական բանականության իր ընկալման, այլոց մասին իր գնահատանքի, մեծարանքի, վերաբերմունքի արտահայտություն` չափածո և արձակ խոսքի ու նաև սահյանական պոեզիայի մասին ժամանակակիցների, արվեստի գործիչների արտահայտած կարծիքների ամփոփ մի ձեռնարկ է:
Գիրք-օրացույցի հրատարակությունը հրաշալի առիթ էր` մեկ անգամ ևս սահյանական մասունքներին հաղորդակցվելու, վերապրելու նրա հայրենակարոտ կուտակումներն ու յուրաքանչյուրիս մեջ մեր հայրենիքի հանդեպ մի քիչ սահյանական մոտեցում ձևավորելու: Գրքում տեղ են գտել ինչպես բոլորիս ծանոթ ու սիրված գործեր, այնպես էլ լայն զանգվածներին համեմատաբար քիչ հայտնի ստեղծագործություններ: Հիշատակության արժանի է նաև պոետի մտորումներին, ինքն իր հետ ունեցած զրույցներին անդրադառնալու փաստը, որը, բանաստեղծություններից ու բանավոր ելույթներից զատ, յուրովի է հարստացնում Սահյանի մասին ունեցած մեր պատկերացումները: Ժամանակակիցների խոսքը, նրա ստեղծագործության իրենց գնահատանքն էլ հնարավոր են դարձնում պոետին ընկալել մեկ այլ հարթության վրա:
Այդ գիրք-օրացույցը հասցեագրել էինք բոլոր նրանց, ովքեր սիրով են հաղորդակցվում այն ամենին, ինչը սահյանական է, ինչը հաճելիորեն մեզ պահում է Սահյանի կողքին: Մենք համարում ենք, որ սա ևս մեկ առիթ է, որ մշտարթուն ու տարածուն ճառագի Սահյանի պոեզիայի անմարելի լույսը:
Սյունյաց աշխարհի հանճարեղ պոետի գործերը ներկայացնող այս ձեռնարկով էլ սկիզբ դրեցինք գիրք-օրացույցների մատենաշարին` հաջորդաբար հրատարակելով Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Լևոն Միրիջանյանի, Մհեր Մկրտչյանի ստեղծագործությունները ներառող գիրք-օրացույցներ:
Եվ ահա նորերս հրատարակեցինք մատենաշարի հերթական` «ԻՐԻԿՆԱՀԱՑԻ ՀՐԱՎԵՐ» յոթերորդ գիրքը` նվիրված պոետի ծննդյան 100-ամյակին:
Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ